ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԵԹԵ ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏԵՍՆԻ, ՈՐ ԻՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՍևԱՆՈՒՄ...»

«ԵԹԵ ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏԵՍՆԻ, ՈՐ ԻՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՍևԱՆՈՒՄ...»
15.06.2010 | 00:00

Հանգստի համար Անթալիա չպետք է մեկնել. այս թեման ամռան շոգի հետ թեժանում է։ Հեռուստահաղորդավար, ՀՀԿ անդամ ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այս կարծիքի հետևողական պաշտպանն է և իր հիմնավորումները ներկայացրեց մեզ հետ զրույցում։
-Իմ առաջարկն ունի երեք պատճառ,- ասում է Մենուա Հարությունյանը։- Առաջին` մենք հանգստի համար գումարներ ենք ծախսում այն երկրում, որը ռազմական օգնություն է ցույց տալիս Ադրբեջանին։ Բարոյական չէ, որ հայ քաղաքացին անուղղակիորեն զինում է 18 տարեկան հայ զինվորի առջև կանգնած ադրբեջանցուն։ Երկրորդ` հայերն Անթալիայում ունեն անվտանգության խնդիր, քանի որ, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, չունենք այդ երկրում ո՛չ դեսպանատուն, ո՛չ հյուպատոսարան, հետևաբար, մեր քաղաքացիներն ավելորդ խիզախության են դիմում։ Տուրօպերատորներն էլ պետք է պատասխանատվություն զգան և Անթալիայի ուղեգրերը վաճառելուց առաջ բացատրեն մեր քաղաքացիներին, թե ինչպիսի երկիր են գնում։ Էրդողանի հայտարարությունն էլ, թե հայերին դուրս կքշի այստեղից, վկայում է, որ Թուրքիայի ղեկավարների ցանկացած հայտարարությունից հետո փոխվում է նրանց քաղաքացիների վերաբերմունքը։ Երրորդ` ընդունված է ասել, որ Անթալիայում սնունդն էժան է, որակով։ Այո, երբ համեմատում ես որոշ հանգստյան վայրերի հետ, բայց երբ ավելի ցածրակարգ հյուրանոց ես գնում ու տեսնում ինչ կարգի հյութեր են մատուցվում, ինչ սնունդ, հիասթափվում ես։ Փաստորեն, Անթալիայում ծառայությունների որակը ցածր է։ Նույն գնով կարելի է հանգստանալ Վրաստանում, Եվրոպայի քիչ զարգացած երկրներում։ Ինձ առաջինը քննադատեցին ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր ամեն ինչին դեմ են, ու եթե հանրապետական ես և ասում ես` մածունը սպիտակ է, նրանք պիտի ասեն սև է, և հակառակը։ ՀԱԿ-ում ընդգրկված մարդկանց մեջ տեսնում եմ յուրօրինակ սեր Թուրքիայի նկատմամբ։
-Բայց չէ՞ որ այս իշխանությունը սկիզբ դրեց Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության։
-Իշխանությունը և նախագահը չեն ասում, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Գործող իշխանությունն ուզում է սահմանը բացել, որ տնտեսությունը զարգանա, չի ասում` Ցեղասպանությունը մոռանանք, թուրքերի հետ եղբայրություն հաստատենք` մեր արժանապատվությունը մի կողմ դնելով։
-Իշխանության մեջ կան պաշտոնյաներ, որոնք բավականաչափ գումար ունեն` «ոչ թշնամական» երկրում հանգստանալու համար, բայց դարձյալ նախընտրում են Անթալիան։ Ասել է` Ձեր մտահոգությունները նրանց չեն անհանգստացնում։
-Ցանկացած իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց պատկերացումներով չեն համապատասխանում վարչակազմի գաղափարախոսությանը։ Տարիներ առաջ Անդրանիկ Մարգարյանն էր հրահանգել Անթալիայում չհանգստանալ, այսօր այդ կոչն իր ազդեցությունն ունենում է։ ՀՀԿ-ի գրեթե բոլոր անդամները, պետական ապարատի զգալի մասը չեն հանգստացել Անթալիայում։ Իհարկե, օբյեկտիվ քննադատություն կա, թե Հայաստանում հանգիստը թանկ է, սակայն կարող եք ամռանը գնալ Սևան, Աղվերան ու տեսնել, որ այնտեղ հանգստանալու տեղ անգամ չկա։ Այնպես չէ, որ միայն հարուստներն են հանգստանում։ Հասարակ մարդիկ վերցնում են մի կտոր միս ու գնում հանգստի։ Այլ հարց է, որ մեր տուրծառայությունները բարձրակարգ չեն։ Շատ պաշտոնյաների գիտեմ, որոնք իրենք չեն գնում, բայց ուղարկում են Անթալիա իրենց ընտանիքները։ Պարզապես Հայաստանում մարդիկ կան, ովքեր թուրքերի հանդեպ ներքին սեր ունեն։ Պետք է տեսնել, թե ինչպես են Թուրքիայում հայերը պարում, ուրախանում թուրքերի հետ ու շատ լավ զգում նրանց ընկերակցությամբ։ Տպագրելու եմ այն պաշտոնյաների ու երգիչների անունները, ովքեր գնում են Անթալիա։
-Ի՞նչն է խանգարում, հիմա ասեք նրանց անունները։
-Տպելու եմ, հիմա կարող եմ ասել աստղերի անուններ` Սոֆի Մխեյան, Հասմիկ Կարապետյան։ Երբ վերջիններս սկսեն ազգային խնդիրներից խոսել, կասենք` քանի որ տասը հազար դոլար եք ծախսել Անթալիայում, այլևս մի խոսեք ազգի անունից։ Ոչ թե նախագահը, վարչապետը պիտի հրահանգեն չգնալ, այլ ամեն մեկը դա պիտի հասկանա։ Վարչապետը ճիշտ է ասում, որ պետական չինովնիկը պիտի հանգստանա Հայաստանում։ Եթե հասարակ քաղաքացին տեսնի, որ իր ղեկավարները հանգստանում են Սևանում, ինքն էլ հաճույքով կհանգստանա այնտեղ։
-Ստացվում է` բոլոր կապերը պիտի խզե՞լ թուրքերի հետ։
-Ո՛չ։ Մենք նույնիսկ Թուրքիային առաջարկեցինք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց այնքան լկտի են, որ չհասկացան։ Չի կարելի անվերջ զիջումներ անել։ Մենք և թուրքերը հարևաններ ենք ու չենք քոչելու այս տարածաշրջանից, ստիպված ենք կողք կողքի ապրել։ Պարզապես պիտի արժանապատվություն ունենալ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ